Դիլիջանում տրվել է Dilidogs City նախագծի մեկնարկը։ Նախաձեռնության նպատակն է քաղաքում թափառող շների թվի արդյունավետ կառավարումը, հանրային անվտանգության և իրազեկվածության բարձրացումը, ինչպես նաև մարդկանց ու կենդանիների առողջ համակեցության ձևավորումը։
Վերջին տարիներին Դիլիջանը, ինչպես Հայաստանի բազմաթիվ քաղաքներ, բախվում է թափառող շների թվի աճի խնդրին։ Շատ կենդանիներ մնում են չստերիլիզացված և չպատվաստված, ինչը հանգեցնում է անկառավարելի բազմացման, հիվանդությունների տարածման ռիսկի և բնակիչների շրջանում անհանգստության։ Խնդիրը հաճախ խորանում է նաև թյուր տեղեկատվության և տարիներով ձևավորված կարծրատիպերի պատճառով՝ կապված ստերիլիզացիայի, կերակրման և շների վարքի հետ։ Միևնույն ժամանակ քաղաքում մինչ այժմ բացակայում էր մարդասիրական և երկարաժամկետ լուծում առաջարկող միասնական մոտեցում։
Նախագծի նպատակն է ստեղծել մարդասիրական, արդյունավետ և կայուն համակարգ Դիլիջանի թափառող շների կառավարման համար՝ ստերիլիզացիայի, պատվաստման, հանրային կրթության և շարունակական մոնիթորինգի միջոցով։ Սա կնպաստի շների առողջության բարելավմանը, բնակիչների անվտանգության բարձրացմանը և մարդկանց ու կենդանիների միջև վստահելի համակեցությանը։
Նախագծի նպատակներից են մինչև 2026 թ. դեկտեմբերի վերջը զգալիորեն նվազեցնել չստերիլիզացված փողոցային շների թիվը՝ շարունակական ստերիլիզացիոն ծրագրի միջոցով, 2026 թ. ավարտին ապահովել թափառող շների լայնածավալ պատվաստում՝ նվազեցնելով վարակիչ հիվանդությունների ռիսկերը, 2026 թվականի ընթացքում ստեղծել և տարածել կրթական նյութերի շարք՝ քանդելով շների վերաբերյալ կարծրատիպերը, խթանելով պատասխանատու վերաբերմունքը և անվտանգ վարքագիծը, մինչև 2026 թ. կեսը ձևավորել կամավորների, պատասխանատու տերերի և խնամատար ընտանիքների գործուն ցանց։
Источник: NewsPress.am