Դիլիջանում իրականացվող Green Rock հիմնադրամի երկու նախաձեռնություն միջազգային ճանաչում է ստացել World Tourism Awards 2026 մրցանակաբաշխության շրջանակում (կազմակերպիչ՝ World Tourism Forum Institute)։
Դիլիջանի քաղաքային կերպարի ձևավորման ռազմավարությունը (Dilijan Urban Design Framework, DUDF) արժանացել է «Զբոսաշրջային ուղղության զարգացման լավագույն նախագիծ 2026» մրցանակին՝ համայնքի մասնակցության, կայուն քաղաքաշինական պլանավորման և տեղական երկարաժամկետ կարիքների վրա հիմնված մոտեցման համար։
Ապիցիուս Արմենիան ճանաչվել է 2026 թվականի լավագույն հյուրընկալության դպրոց՝ միջազգային փորձի, գործնական ուսուցման և տեղական մասնագիտական ներուժի զարգացման համար։
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին Բրյուսելում՝ Բելգիայի գեղարվեստի թագավորական թանգարանում։ Մրցանակները ստացել են Լիպարիտ Սանթրոսյանը (Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ), Մասիմո Բոկուսը (Ֆլորենցիայի արվեստի համալսարանի սննդի և գինու ծրագրի տնօրեն, Ապիցիուս Արմենիայի խորհրդատվական խորհրդի անդամ) և Green Rock հիմնադրամի Մքրքեթինգի և հաղորդակցթության ղեկավար Արմինե Սարգսյանը։
Green Rock հիմնադրամի տնօրեն Կատյա Բրեդիխինան ասել է.«Այս ճանաչումները արտացոլում են Դիլիջանում մեր աշխատանքի երկու կարևոր ուղղությունները՝ համայնքի զարգացում և ավելի բարենպաստ քաղաքային միջավայրի ձևավորում։ Կայուն զբոսաշրջային ուղղություն հնարավոր չէ ստեղծել միայն ենթակառուցվածքներով։ Անհրաժեշտ են նաև կրթություն, մասնագիտական հնարավորություններ և երկարաժամկետ պլանավորում»։
Ֆլորենցիայի արվեստի համալսարանի սննդի և գինու ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն, Ապիցիուս Արմենիայի խորհրդատվական խորհրդի անդամ Մասիմո Բոկուսն ասել է.«Մենք շատ հպարտ ենք Դիլիջանում մեր համագործակցությամբ և Ապիցիուս Արմենիայի ձեռքբերումներով։ Դպրոցն արտացոլում է Apicius Florence-ի կրթական փիլիսոփայությունը, ուսումնական ծրագիրը և մասնագիտական չափանիշները՝ համադրելով միջազգային փորձը գործնական, ոլորտի պահանջներին համապատասխանող ուսուցման հետ։ Մենք միշտ ուրախ ենք մեր կրթական մոտեցումն ու հյուրընկալության միջազգային չափանիշները ներկայացնել այնպիսի հեռանկարային ուղղություններում, ինչպիսիք են Հայաստանն ու մասնավորապես Դիլիջանը, որն ունի զբոսաշրջության և հյուրընկալության զարգացման մեծ ներուժ»։
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Լիպարիտ Սանթրոսյանը նշել է. «Դիլիջանի քաղաքային կերպարի զարգացման ռազմավարության մշակումը կարևոր քայլ է քաղաքի ապագայի միասնական տեսլականի ձևավորման ճանապարհին։ Այն սահմանում է քաղաքային առավել համակարգված զարգացման սկզբունքներ՝ հաշվի առնելով Դիլիջանի բնական միջավայրը, ճարտարապետական ինքնատիպությունը և բնակիչների կարիքները։ Մենք համոզված ենք, որ համայնքապետարանի, մասնավոր հատվածի և տեղական համայնքի համագործակցությունը չափազանց կարևոր է քաղաքի կայուն զարգացման համար։ Այս միջազգային ճանաչումը լրացուցիչ ուշադրություն է հրավիրում այդ աշխատանքի կարևորության վրա»։
