Թե ինչպես ենք մենք վերաբերվում խոցելի արարածներին, անկախ նրանից՝ մարդ, թե կենդանի, շատ բան է ասում մեր մասին։ Այն քաղաքը, որը հոգ է տանում փողոցի կենդանիների մասին, միշտ էլ կլինի հոգատար ու վերջ։
DiliDog City-ն համայնքային նախաձեռնություն է, որի նպատակն է Դիլիջանում ստեղծել թափառող շների թվաքանակի կառավարման մարդասիրական, արդյունավետ և կայուն համակարգ։ Նախագիծը համատեղում է անասնաբուժական միջոցառումները, հանրային իրազեկումն ու երկարաժամկետ մշտադիտարկումը՝ կենդանիների բարեկեցությունը բարելավելու, հանրային անվտանգությունը բարձրացնելու և մարդկանց ու կենդանիների պատասխանատու համակեցությունը խթանելու նպատակով։
Նախագիծը բաղկացած է երկու փոխլրացնող ուղղություններից։
1. Անասնաբուժական ուղղությունը կենտրոնանում է թափառող շների ստերջացման, պատվաստման, ճիճվաթափության, նույնականացման և մշտադիտարկման վրա՝ համագործակցելով պրոֆեսիոնալ անասնաբույժների և գործընկեր կազմակերպությունների հետ։ Այս միջոցառումները նպաստում են շների թվաքանակի կայունացմանը, նրանց առողջական վիճակի բարելավմանը և համայնքի համար հնարավոր ռիսկերի նվազեցմանը։
2. Համայնքային իրազեկման ուղղությունը նպատակ ունի ձևավորել կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք՝ կրթական արշավների, փորձագետների հետ հարցազրույցների, սոցիալական ցանցերում հրապարակումների և գործնական խորհուրդների միջոցով։ Այն անդրադառնում է թափառող շների մասին տարածված սխալ պատկերացումներին, բացատրում ստերջացման կարևորությունը, խրախուսում ընտանի կենդանիների պատասխանատու պահվածքը և բարձրացնում իրազեկվածությունը կենդանիների որդեգրման ու ժամանակավոր խնամքի հնարավորությունների մասին։
Գործնական միջոցառումները համատեղելով կրթական և իրազեկման աշխատանքների հետ՝ DiliDog City-ն նպաստում է ավելի առողջ և անվտանգ քաղաքային միջավայրի ձևավորմանը, որտեղ մարդիկ և կենդանիները կարող են բարեկեցիկ ու ներդաշնակ համակեցություն ունենալ։