Դիլիջանն ընտրվել է Green Destinations Top 100 Stories 2026 միջազգային հարթակում

Դիլիջանը ներառվել է Green Destinations Top 100 Stories 2026 հեղինակավոր միջազգային նախաձեռնության մեջ՝ ստանալով աջակցություն ծրագրի Fee Waiver Program-ի շրջանակում։ Համաշխարհային մրցակցային ընտրության արդյունքում ամբողջ աշխարհից ծրագրին մասնակցելու հնարավորություն է ստացել ընդամենը հինգ զբոսաշրջային ուղղություն, ինչը Դիլիջանի ընդգրկումը դարձնում է հատկապես նշանակալի և խորհրդանշական։ Այս ընտրությունը բարձր գնահատական է Դիլիջանի երկարամյա և հետևողական աշխատանքի համար՝ ուղղված կայուն զբոսաշրջության զարգացմանը, տեղական համայնքների ակտիվ ներգրավմանը, մշակութային և պատմական ժառանգության պահպանմանը, ինչպես նաև բնության վրա հիմնված փորձառությունների ձևավորմանն ու տարածմանը։ Դիլիջանը ներկայանում է որպես օրինակելի ուղղություն, որտեղ տնտեսական զարգացումը ներդաշնակորեն համադրվում է բնապահպանական պատասխանատվության և համայնքային արժեքների պահպանման հետ։ Հարթակում Դիլիջանը ներկայացվել է Meet Dilijan նախաձեռնության շնորհիվ։ Դիլիջանի ընդգրկումը Green Destinations Top 100 Stories 2026 հարթակում նշանակում է, որ քաղաքի փորձը, մոտեցումները և հաջողված մոդելները ներկայացվելու են միջազգային լսարանին՝ դառնալով ներշնչման աղբյուր այլ տարածաշրջանների համար։ Այս հարթակը միավորում է այն ուղղություններին, որոնք ոչ միայն գրավիչ են զբոսաշրջիկների համար, այլև իրական ազդեցություն ունեն շրջակա միջավայրի պահպանության, սոցիալական համերաշխության և տեղական տնտեսության կայուն զարգացման վրա։

Green Destinations Top 100 Stories նախաձեռնությունը համարվում է աշխարհի ամենահեղինակավոր հարթակներից մեկը կայուն զբոսաշրջության ոլորտում։ Այն նպատակ ունի հավաքել, գնահատել և ներկայացնել լավագույն փորձերը՝ հիմնված իրական արդյունքների, պատասխանատու կառավարման և երկարաժամկետ արժեք ստեղծելու սկզբունքների վրա։ Այստեղ ընդգրկվելը նշանակում է ճանաչում ոչ միայն բնական կամ մշակութային գեղեցկության, այլև ազդեցության, պատասխանատվության և համայնքային արժեքների համար։ Դիլիջանի ընդգրկումը այս ցանկում ևս մեկ անգամ հաստատում է քաղաքի դիրքը որպես միջազգային մակարդակով ճանաչվող ուղղություն, որը հետևողականորեն զարգանում է կայունության սկզբունքներով՝ պահպանելով իր ինքնությունը և բնությունը, միաժամանակ ստեղծելով որակյալ և արժեքավոր փորձառություններ այցելուների և տեղական բնակչության համար։ Այս ձեռքբերումը կարևոր քայլ է Դիլիջանի՝ որպես պատասխանատու զբոսաշրջության առաջատար կենտրոնի ճանաչման ճանապարհին և նոր հնարավորություններ է բացում միջազգային համագործակցությունների, փորձի փոխանակման և երկարաժամկետ զարգացման համար։

Աղբյուր՝ aravot.am

Follow the Journey of Green Rock Foundation

Գրանցվեք մեր նախագծերի պատմություններն ու դրանք հնարավոր դարձնող մարդկանց տեսնելու համար։ Մենք պարբերաբար կկիսվենք ձեզ հետ Դիլիջանում մեր համատեղ արձանագրած առաջընթացի և այն մասին, թե ինչպես կարող եք մասնակցել հաջորդիվ իրականացվելիք աշխատանքներին։