Apicius Armenia. կարծրատիպի փոփոխությունը, երեք ուղղությունները եւ նոր շենքը

Banks.am-ի հետ զրույցում Green Rock հիմնադրամի ղեկավար Կատյա Բրեդիխինան պատմել է՝ ինչպիսի փոփոխություններ են սպասվում Դիլիջանում մոտ ապագայում:

Ներկայացնում ենք հարցազրույցի այն հատվածները, որտեղ Կատյա Բրեդիխինան խոսել է Apicius Armenia հյուրընկալության դպրոցի մասին:

Փոխել կարծրատիպը 

Apicius Armenia հյուրընկալության դպրոցում մենք առաջարկում ենք միջազգային չափանիշներ եւ միջազգային կրթություն, որը հղկվել է տարիների ընթացքում: Մեր գործընկերներն այս ոլորտում ունեն 28 տարվա փորձ: Բացելով հյուրընկալության դպրոցը՝ ցանկանում ենք հզորացնել արդեն իսկ գոյություն ունեցող հատկանիշները, որպեսզի այդ ամենն իրականացվի ավելի թեթեւ, պարզ եւ պրոֆեսիոնալ: Մեզ համար շատ կարեւոր է փոխել այն կարծրատիպը, թե սպասարկման ոլորտում աշխատելը կարող է ամոթալի լինել:

2024 թվականի ապրիլին սկսեցինք հյուրընկալության դպրոցի բացման համար գործընկերոջ ընտրությունը: Ի սկզբանե մեզ համար կարեւոր էր ներգրավել միջազգայնորեն ճանաչված չափանիշներին համապատասխան գործընկերոջ: Նա պետք է լիներ ակտիվ, ճկուն, դինամիկ, առաջադեմ եւ փորձառու: Ուսումնասիրեցինք մի շարք տարբերակներ՝ հիմնականում Եվրոպայից եւ Ասիայից:

Արդյունքում ձեւավորվեց ամբողջ աշխարհի 20 դպրոցներից բաղկացած «shortlist»: Ես այցելեցի բոլոր այդ հաստատությունները եւ վարեցի բանակցություններ: Արդյունքում ընտրեցինք Ֆլորենցիայի արվեստների համալսարանը: Մեր նախագիծը շատ հավակնոտ էր, նախատեսում էինք դպրոցը բացել մի քանի ամսվա ընթացքում: Իտալացիները մեզ հետ ներգրավվեցին այս «արկածախնդրության» մեջ (ժպտում է – հեղ.), եւ դպրոցը բացվեց 2025 թվականի սեպտեմբերին:

Երեք հիմնական ուղղությունները

Apicius Armenia-ն ունի երեք հիմնական ուղղություն՝ ակադեմիական ծրագիր, Food, Wine and Wellness (խոհարարներ, հրուշակագործներ, սոմելյեներ, սննդաբաններ) եւ երրորդ ուղղությունը՝ Hospitality Management (հաղորդակցություն, հյուրանոցների եւ ռեստորանների կառավարում եւ այլն):

Դպրոցում երկամյա ուսուցումից հետո ուսանողը դառնում է կայացած պրոֆեսիոնալ, եւ, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, այս կրթությունը լիովին բավարար է առաջնակարգ հաստատություններում աշխատելու համար: Դպրոցում դասավանդում են իտալացիները, որոնք հատուկ այդ նպատակով ժամանում են Դիլիջան: Ուսման ընթացքում ուսանողներն անմիջապես աշխատում են իրական բիզնեսներում՝ իրենց դասախոսների վերահսկողության ներքո:

C-E-M-I

Մեկ ամսից մենք Դիլիջանում բացում ենք մեր C-E-M-I-ն (Community Engagement Member Institute): Դա իրական բիզնեսի ինստիտուցիա է, որը սկսում է գործել համայնքում: Այնտեղ աշխատում են միայն ուսանողներ, բայց դա լիարժեք բիզնես է, որտեղ կարող է գալ ցանկացած մարդ՝ սնվելու կամ սուրճ խմելու: Դիլիջանի C-E-M-I-ում կլինի իտալական խոհանոց, եւ աշակերտները կպատրաստեն այն, ինչ սովորում են դասերի ընթացքում։

Բացի այդ, ուսանողները հնարավորություն են ստանում մեկ ուսումնական տարի անցկացնել Ֆլորենցիայում:

Այժմ ընթացքում է Apicius Armenia-ի նոր շենքի կառուցումը: Այնտեղ կլինեն լսարաններ, լաբորատորիաներ եւ եւս մեկ ռեստորան՝ C-E-M-I ձեւաչափով: Իսկ հարեւան շենքում կլինի բնակության տարածք ուսանողների, դասախոսների եւ դպրոցի աշխատակիցների համար:

World Region of Gastronomy անվանակարգի համար հայտը

2026 թվականի սկզբին Green Rock հիմնադրամը դարձել էր Գաստրոնոմիայի, մշակույթի, արվեստի եւ զբոսաշրջության միջազգային ինստիտուտի (IGCAT, International Institute of Gastronomy, Culture, Arts and Tourism) անդամ: Սա փորձագետների եւ պրոֆեսիոնալների համաշխարհային ցանց է, որը զբաղվում է տարածքների զարգացմամբ՝ վերոնշյալ ուղղությունների միջոցով: Այս համայնքի մաս կազմելը մեծ առավելություն է երկրի համար եւ հիանալի հնարավորություն՝ գրավելու միջազգային ուշադրություն։

Այս տարվա մայիսին նախատեսում ենք հայտ ներկայացնել World Region of Gastronomy անվանակարգի համար՝ ներկայացնելով Հայաստանի եւ մասնավորապես Դիլիջանի մշակութային ու խոհարարական ավանդույթները, ինչպես նաեւ՝ զբոսաշրջային ներուժը:

Ընդունելության գործընթացը

Apicius Armenia կարող են ընդունվել բոլոր նրանք, ովքեր ունեն դպրոցական ատեստատ՝ առանց տարիքային սահմանափակման: Մեր ամենատարեց ուսանողը 53 տարեկան է. նա Արցախից մի կին է, որը ցանկանում է վերսկսել իր կյանքն արդեն Դիլիջանում եւ այստեղ հյուրանոց բացել:

Այս պահին ունենք 16 ուսանող՝ աշխարհի տարբեր երկրներից:

Ընդունվելու համար անհրաժեշտ է անգլերենի իմացություն, իսկ մնացած բոլոր մանրամասները կարելի է գտնել դպրոցի կայքում.

Աղբյուր՝ GastroVino (Mediamax)

Follow the Journey of Green Rock Foundation

Գրանցվեք մեր նախագծերի պատմություններն ու դրանք հնարավոր դարձնող մարդկանց տեսնելու համար։ Մենք պարբերաբար կկիսվենք ձեզ հետ Դիլիջանում մեր համատեղ արձանագրած առաջընթացի և այն մասին, թե ինչպես կարող եք մասնակցել հաջորդիվ իրականացվելիք աշխատանքներին։