Դիլիջանում պաշտոնապես բացվել է 2025 թվականից գործող Apicius Armenia International School of Hospitality-ի նոր՝ բոլոր անհրաժեշտ սարքավորումներով կահավորված մասնաշենքը։

Միջազգային չափանիշներին համապատասխան եռահարկ շենքը ժամանակակից կրթական միջավայր է ստեղծում և նոր հնարավորություններ՝ Հայաստանում հյուրընկալության ոլորտում միջազգային կրթության զարգացման համար:

Green Rock Foundation-ի տնօրեն Կատյա Բրեդիխինան նշել է, որ դպրոցը, գործունեությունը սկսելով 2025 թվականի սեպտեմբերին, նոր շենքի բացմամբ ընդլայնում է ուսանողների համար ստեղծված կրթական միջավայրը՝ ապահովելով ժամանակակից պայմաններ ինչպես տեսական, այնպես էլ գործնական ուսուցման համար։

Apicius Armenia-ի կրթական մոդելի հիմքում գործնական ուսուցումն է. ուսումնական գործընթացի 80%-ն անցկացվում է հյուրընկալության ոլորտի իրական աշխատանքային միջավայրերում՝ ուսանողներին հնարավորություն տալով ձեռք բերել մասնագիտական փորձ դեռևս ուսման տարիներին։

Դպրոցի կամպուսը ներառում է CEMI (CEMI by Apicius) ուսանողական սրճարանը, որը սպասարկում են բացառապես  Apicius-ի ուսանողները՝ ուսումնառության առաջին իսկ օրվանից։ Սրճարանը բաց է Դիլիջանի բոլոր հյուրերի համար։

Apicius Armenia-ն առաջարկում է երկամյա կրթական ծրագիր։ Կախված իրենց կրթական ուղուց՝ ուսանողները կարող են երկրորդ տարին շարունակել Ֆլորենցիայում կամ ամբողջ ծրագիրն ավարտել Հայաստանում։ Ուսումնառության ընթացքում նրանք ստանում են միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական որակավորում, իսկ շրջանավարտները հնարավորություն ունեն շարունակելու կրթությունը American University of Florence-ի բակալավրի ծրագրերում։

Apicius Armenia-ի առաջին ուսումնական տարվա ավարտից հետո 8 ուսանող արդեն մեկնել է Ֆլորենցիա՝ շարունակելու կրթությունը և ձեռք բերելու միջազգային մասնագիտական փորձ։

Դպրոցն առաջարկում է կրթաթոշակային ծրագրեր, իսկ կրթաթոշակային ֆոնդը համալրվում է տարբեր շահագրգիռ կազմակերպությունների նվիրատվությունների շնորհիվ։

Ամեն տարի Green Rock-ն Apicius Armenia-ի ուսանողներին տրամադրում է 10 ամբողջական կրթաթոշակ։